ENG ՀԱՅ
       Գլխավոր Էջ >> Մեր մասին  
Գլխավոր Էջ
    Մեր մասին
       Կանոնադրություն
       Կառուցվածք
    ԵՄ - Հայաստան
    Նորություններ
    Թարգմանություններ
    Բառարան
    Թարգմանության ակունքներ
    Թարգմանությունների կենտրոններ
    Թարգմանությունները
ԵՄ-ում
    Թարգմանությունների ստանդարտ
    Օգտակար նյութեր
    Խորհուրդներ
    Հղումներ
    Կապ մեզ հետ
     
     Մեր մասին
          Ինչու՞ ստեղծվեց «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը
 
        1996 թվականին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի ու նրա տասնհինգ անդամ պետությունների միջև կնքվեց և 1999 թվականին ուժի մեջ մտավ Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը (ԳՀՀ), որն ընդգրկում է հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտները (բացառությամբ պաշտպանության ոլորտի), և ստեղծում է ամուր շրջանակ Հայաստանի և ԵՄ-ի միջև` հաստատելու տնտեսական, քաղաքական և մշակութային առավել սերտ կապեր: 2006 թվականին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ ԳՀՀ իրականացման ազգային ծրագիրը։ Միաժամանակ, 2004 թվականին Հայաստանն ընդգրկվեց Եվրոպական հարևանության քաղաքականությունում (ԵՀՔ), և Հայաստանի համար ԵՀՔ գործողությունների ծրագիրը հաստատվեց 2006 թվականին` Հայաստանին ընձեռելով նոր հնարավորություններ ԵՄ-ին ինտեգրվելու համար:

        Թե ԳՀՀ իրականացման ազգային ծրագիրը, թե ԵՀՔ գործողությունների ծրագիրը նախատեսում են լայնամասշտաբ բարեփոխումներ, որոնց իրականացման հիմքում ընկած է ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը ԵՄ օրենսդրությանը։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի համապատասխանեցման ենթակա ԵՄ իրավական ակտերի որակյալ թարգմանությունը հայերենով և արդեն իսկ համապատասխանեցված ՀՀ իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունն անգլերենով: Ըստ նախնական հաշվարկների` թարգմանության ենթակա ԵՄ իրավական ակտերի ամբողջ ծավալը կազմում է առնվազն 100 000 էջ, իսկ ՀՀ իրավական ակտերի ծավալը` մոտ 30 000 էջ: Այս նպատակով, Ազգային ծրագրով նախատեսվում էր թարգմանչական կենտրոնի ստեղծում` նշված թարգմանչական աշխատանքները կատարելու և պաշտոնական ու որակյալ թարգմանությունների առկայությունն ապահովելու համար:

        Մյուս կողմից, ՀՀ իրավական ակտերի մատչելիությունը միջազգայնորեն լայն օգտագործում ունեցող լեզվով չափազանց կարևոր է տնտեսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման, համաշխարհային շուկային ինտեգրվելու, օտարերկրյա ներդրողներին ՀՀ օրենսդրության հասանելիությունն ապահովելու տեսանկյունից։

        Կարևորելով օրենսդրության թարգմանությանը կոչված հատուկ մասնագիտացված կառույցի հիմնադրման անհրաժեշտությունը՝ 2008 թվականի փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին N 163-Ն որոշումը։
          Կենտրոնի գործունեության առարկան և նպատակները
 
        2008 թվականի փետրվարի 22-ի ՀՀ կառավարության N 163-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության համաձայն՝ կենտրոնի գործունեության առարկան և նպատակներն են՝
  1. ՀՀ իրավական ակտերի թարգմանությունների իրականացումն անգլերենով.
  2. ԵՄ իրավական ակտերի թարգմանությունների իրականացումը հայերենով.
  3. եզրաբանական բառարանների մշակումը, եզրաբանական շտեմարանների ստեղծումը, թարմացումը, զարգացումը և պահպանումը.
  4. թարգմանությունների հանրամատչելիության ապահովումն ինտերնետային կայքի միջոցով.
  5. լեզվաբանական, այդ թվում` եզրաբանական, գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումների իրականացումը.
  6. հրատարակչական գործունեության ծավալումը և արտադրանքի իրացումը.
  7. տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը:
          Կենտրոնի աշխատանքների մեկնարկը
 
        Կենտրոնի աշխատանքների բարձր որակն ու հաջող մեկնարկն ապահովելու նպատակով 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին մասնագիտական անձնակազմը մասնակցեց Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) կողմից կազմակերպված մեկնարկային վերապատրաստման դասընթացին, որի հիմնական նպատակն էր` կենտրոնի աշխատողներին զինել այն բոլոր գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են որակյալ թարգմանություններ կատարելու և աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար։

        2008 թվականի ապրիլի 4-ից կենտրոնն սկսեց իր գործունեությունը:

        Կենտրոնի հիմնադրման աշխատանքներում իրենց աջակցությունն են ցուցաբերել Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID)։
          Որակի ապահովման գործակառույցներ
 
        Կենտրոնի առանցքային քաղաքականությունը որակյալ թարգմանությունների ապահովումն է, որոնք հստակ և ճշգրիտ կերպով արտացոլում են բնօրինակների բովանդակությունը, ոճն ու նպատակը, հետևում են լեզվական նորմերին, իսկ դրանցում հանդիպող եզրերն ու հասկացությունները կիրառվում են հետևողականորեն։

        Ուսումնասիրելով այլ երկրների, մասնավորապես, ԵՄ-ին վերջերս անդամակցած և անդամակցության հեռահար նպատակներ ունեցող պետություններում հիմնադրված թարգմանչական կենտրոնների փորձը՝ ՀՀ կառավարությունը ձեռք բերեց Trados համակարգչային ծրագիրը, որը լայն կիրառում ունի բոլոր նմանատիպ կենտրոններում։ Ներկայումս կենտրոնի թարգմանիչներն աշխատում են Trados ծրագրով, որը հնարավորություն է ընձեռում ապահովել եզրերի հետևողական կիրառումը, բարձրացնել թարգմանությունների որակը` միաժամանակ բարձրացնելով թարգմանությունների արդյունավետությունը: Այն իրենից ենթադրում է «թարգմանությունների հիշողություն» և «եզրերի շտեմարան», որտեղ մուտքագրվում են բոլոր թարգմանություններն ու կիրառվող եզրերը, իսկ հետագայում դրանք կարող են օգտագործվել միևնույն բնագավառի տեքստերի թարգմանության ժամանակ:

        Կենտրոնում աշխատանքները կազմակերպվում են ՀՍՏ ԵՆ 15038 «Թարգմանչական ծառայություններ. ծառայության պահանջներ» ստանդարտի հիման վրա: Բուն թարգմանությունների իրականացման գործընթացը կազմված է հետևյալ փուլերից՝ տեքստի տեխնիկական մշակում, նախաթարգմանչական հետազոտություն, թարգմանություն, խմբագրում, վերանայում լեզվաբանների, իրավաբանների, ոլորտային մասնագետների կողմից, եզրերի և հասկացությունների ներդաշնակեցում և սրբագրում։
 
   
  Հեռ. (37410) 380542, (37410) 380543   Ֆաքս. (37410) 380542   Էլ-փոստ. info@translation-centre.am