ENG ՀԱՅ
       Գլխավոր Էջ >> Խորհուրդներ  
Գլխավոր Էջ
    Մեր մասին
    ԵՄ - Հայաստան
    Թարգմանություններ
    Բառարան
    Թարգմանության ակունքներ
    Թարգմանությունների կենտրոններ
    Թարգմանությունները
ԵՄ-ում
    Թարգմանությունների ստանդարտ
    Օգտակար նյութեր
    Խորհուրդներ
    Նորություններ
    Հղումներ
    Կապ մեզ հետ
     
     
     
     Խորհուրդներ
          Խորհուրդներ թարգմանիչներին
  • Յուրաքանչյուր բառ պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության թե համատեքստում, թե դրանից դուրս, քանի որ բառերն ունեն ուղիղ իմաստ, փոխաբերական իմաստ, տեխնիկական իմաստ և այլն։

  • Բարձրորակ և ճշգրիտ թարգմանություն ունենալու համար անհրաժեշտ է կատարել տեքստի վերլուծություն, ինչպես նաև բազային միավորի՝ նախադասության բաղադրիչների վերլուծություն։

  • Թեև թարգմանության բազային միավորը նախադասությունն է, լավ թարգմանության գրավականը բառերի ճիշտ ընտրությունն է։

  • Թարգմանության ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել կեղծ բարեկամներին և ազգակից բառերին: Երբեմն թիրախ և աղբյուր լեզվի բառերը կարող են գրվել նույն կամ գրեթե նույն ձևով, սակայն ունենալ այլ իմաստ` actual-actuel, adequate-adéquat, assiter à-assist at, capacité-capacity և այլն:

  • Թարգմանության «բնականություն» ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ թիրախ լեզուն զգալու կարողություն և դրա գերազանց իմացություն, ինչպես նաև կտրվել աղբյուր լեզվից և թարգմանությունն ընդունել որպես բնօրինակ։
  • Թարգմանելիս չպետք է տարվել և հոմանիշներ փնտրելով կատարել «տիեզերական թռիչքներ»՝ հեռանալով բուն իմաստից։
  • Չպետք է մոռանալ, որ թեև թարգմանիչը թիրախ տեքստի հեղինակ է, սակայն թիրախ տեքստը պետք է ամբողջովին համապատասխանի աղբյուր տեքստին, որտեղ շարադրված են վերջինիս հեղինակի մտքերը։
  • Խիստ կարևոր է ապահովել, որ աղբյուր տեքստի հեղինակի և թարգմանչի պատկերացումը տեքստում ներկայացված նյութի մասին նույնը լինի, թարգմանությունն ընկալելի և ընդունելի լինի թիրախ լսարանի համար, թիրախ տեքստի ոճը չտարբերվի աղբյուր տեքստի ոճից։
  • Մշակութային բառեր թարգմանելիս, որոնք դժվար է հասկանալ, եթե ծանոթ չես այդ մշակույթին, հաճախ խորհուրդ է տրվում ավելացնել մշակութային բառը նկարագրող բառեր:
  • Եթե թարգմանիչը գտնում է, որ տվյալ բառն առաջին անգամ է թարգմանվում, ապա նա պետք է օգտագործի չակերտներ:
  • Թարգմանիչը չպետք է իր հայեցողությամբ հնարի նոր տերմին: Համակարգչային տերմինները կամ թարգմանվում են ընդունված տերմինով, կամ, վերջինիս բացակայության դեպքում, տառադարձվում են, կամ փոխանցվում` տերմինի իմաստն արտահայտող նկարագրությամբ:
  • Կան բառեր, որոնք ընդհանրապես հնարավոր չէ թարգմանել: Օր.` Wrangler, Adidas, Tandoori, Levi's, sari, raga, Ջերմուկ և այլն: Դրանք պետք է տառադարձել, իսկ անհրաժեշտության դեպքում` ավելացնել նաև նկարագրող կամ բացատրող բառեր:
  • Թարգմանությունների ժամանակ հանդիպող ամենալուրջ խնդիրներից մեկը փոխաբերությունների թարգմանությունն է։ Փոխաբերությունների թարգմանության ժամանակ պետք է հաշվի առնել բնականության գործոնը, անհրաժեշտ է նույն պատկերը ստեղծել թիրախ լեզվով կամ կիրառել թիրախ լեզվին համարժեք փոխաբերություն՝ պայմանով, որ դա գործածվում է գրեթե նույն հաճախականությամբ, ինչպես նաև անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մշակութային համապատկերին (օրինակ՝ «նուռը» հայերի համար բերրիության խորհրդանիշ է, սակայն մի շարք այլ ազգերի համար՝ աղքատության)։
  • Հեղինակի մտքի, ապրելակերպի, իրավիճակի պատկերացման առանցքը կազմող փոխաբերությունները թարգմանվում են բառացի։
  • Եթե նախադասությունը քերականորեն ճիշտ է կառուցված, սակայն իմաստը պարզ չէ, նախադասության «մութ» մասը պետք է ստուգել փոխաբերության թեստի միջոցով, բառի ուղիղ իմաստի, լեզվի, իրավիճակի և մշակույթի համապատկերում:
  • Թարգմանիչը չպետք է օգտագործի կլիշե փոխաբերություններ տեղեկատվական տեքստերում, ծանուցումներում, ցուցումներում և հրահանգներում ու նմանատիպ այլ տեքստերում, որտեղ հույժ կարևոր նշանակություն ունի փաստերի հստակ ներկայացումը թիրախ լսարանին։ Երբեմն կլիշե փոխաբերությունների մշակութային համարժեքը հուզական առումով ավելի ուժեղ ազդեցություն կարող է ունենալ, քան սովորական խոսքաշարով այդ միտքն արտահայտելը։ Նման տեքստերում փոխաբերությունները պետք է փոխարինել դրանց իմաստով՝ ներկայացված համապատասխան ոճում։ Օր.՝ Use up every ounce of energy, not in a month of Sunday...

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
          Խորհուրդներ խմբագիրներին ու սրբագրիչներին
  • Խմբագիրներն ու սրբագրիչները պետք է գերազանց տիրապետեն թիրախ լեզվի կետադրության և քերականության կանոններին:
  • Բարձրաձայն ընթերցումը հնարավորություն է ընձեռում առավել արագ նկատել տեքստում առկա սխալները՝ թե մտքի, թե շարադասության և թե ձևակերպման առումով։
  • Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն տառասխալներին, այլ նաև ոճի և ձևաչափի ոչ համահունչ կիրառմանը։
  • Խմբագիրներն ու սրբագրիչները պետք է ձևավորեն ընթերցելու հատուկ տեխնիկա` յուրաքանչյուր բառին առանձնահատուկ ուշադրություն։ Քեմբրիջի համալսարանում կատարված ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ կաորևր չէ, թե բաուռմ տարեռն ինչ հեթարկանթույամբ են շավրած, կաևրորն այն է, որ առաիջն և վեջրին տաեռրն իրնեց տեուղմ լնիեն։ Մնաացծը կարող է լիկաատար խանռափոշթում լնիի և, մինևույն է, այն կրեալի է կադրալ։ Սա բացտավրում է նրաոնվ, որ մադկրային ուեղղը յուարքանյչուր տառն առաձնին-առաձնին չի կադրում, այլ կադրում է բառը որեպս մեկ ամողբջթույուն։
  • Նախքան սեփական աշխատանքը սրբագրելը, անհրաժեշտ է որոշ ժամանակով «կտրվել» տվյալ նյութից՝ «թարմ հայացքով» տեքստին վերադառնալու նպատակով։
  • Միանշանակ խորհուրդ է տրվում սրբագրել և խմբագրել տեքստի տպագիր տարբերակը։
  • Կատարյալ տարբերակը ենթադրում է տեքստի վերանայում երրորդ անձի կողմից՝ «կողմնակի հայացք» ապահովելու նպատակով։
  • Խմբագրման և սրբագրման ժամանակ անհրաժեշտ է խուսափել շեղող միջավայրից։
  • Կարճատև ընդմիջումները թույլ են տալիս ապահովել առավելագույն կենտրոնացում։
  • Որքան էլ որ ծիծաղելի թվա, սակայն քանոնը կարող է ծառայել որպես օգտակար գործիք սրբագրման ժամանակ։

     
     
     
 
   
  Հեռ. (37410) 380542, (37410) 380543   Ֆաքս. (37410) 380542   Էլ-փոստ. info@translation-centre.am