ENG ՀԱՅ
       Գլխավոր Էջ  >> Թարգմանությունների ստանդարտ  
Գլխավոր Էջ
    Մեր մասին
    ԵՄ - Հայաստան
    Նորություններ
    Թարգմանություններ
    Բառարան
    Թարգմանության ակունքներ
    Թարգմանությունների կենտրոններ
    Թարգմանությունները
ԵՄ-ում
    Թարգմանությունների ստանդարտ
    Օգտակար նյութեր
    Խորհուրդներ
    Հղումներ
    Կապ մեզ հետ
  «Թարգմանչական ծառայություններ. ծառայության պահանջներ» ստանդարտը
     
 

        «Թարգմանչական ծառայություններ. ծառայության պահանջներ» ԵՆ 15038 ստանդարտը պատրաստվել է CEN/BT/TF 138 «Թարգմանչական ծառայություններ» տեխնիկական հարցերով կոմիտեի կողմից և հաստատվել է Ստանդարտացման եվրոպական կոմիտեի կողմից 2006 թվականի ապրիլի 13-ին: 2007 թվականի դրությամբ միայն հինգ ԵՄ անդամ պետություններ (Գերմանիա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Նիդեռլանդներ և Ավստրիա) են նշված ստանդարտը պաշտոնապես հրապարակել իրենց ազգային ստանդարտների կատալոգում։

        ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2008 թվականի հունվարի 22-ի N 5-Ա հրամանով 2008 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է դրվել ՀՍՏ ԵՆ 15038-2007 «Թարգմանչական ծառայություններ. ծառայության պահանջներ» ստանդարտը՝ որպես ազգային ստանդարտ։

        Ստանդարտով սահմանվում և ամրագրվում են թարգմանչական ծառայություններ մատուցողների կողմից որակյալ ծառայությունների տրամադրման պահանջները, թարգմանչական ծառայություններ մատուցողներին տրամադրվում է շուկայի կարիքների հետ համապատասխանությունն ապահովելու համար անհրաժեշտ ընթացակարգերի և պահանջների ամբողջական փաթեթ:

        Ստանդարտն իրավասու մարմնի կողմից ընդունված փաստաթուղթ է, որով սահմանվում են համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ կամ արտադրանքի համար բնութագրեր կամ դրանց հետ կապված արտադրման գործընթացներ և մեթոդներ: Ստանդարտը կարող է ընդգրկել նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող պահանջներ և նորմեր: Դրանց հետ համապատասխանությունն ապահովելը պարտադիր չէ, սակայն կարող է ծառայել որպես որակի գրավական:

        Թարգմանչական ծառայությունների ստանդարտը ներառում է մոտ 95 առանձին պահանջ՝ թարգմանչական ծառայություններ մատուցողների կողմից ընդունված աշխատանքային ընթացակարգերի, թարգմանության գործընթացում ընդգրկված մասնագետներին ներկայացվող որակավորման և ամրագրված փաստաթղթերի վերաբերյալ։ Ստանդարտի պահանջները բավարարելու և սկզբունքներին հետևելու ուղղությամբ գործադրվող նպատակային և իրական ջանքերը համարվում են առավել բարձր կազմակերպչական արդյունավետության և նշանակալի որակական փոփոխության ապահովման երաշխիքները:

     
 
   
  Հեռ. (37410) 380542, (37410) 380543   Ֆաքս. (37410) 380542   Էլ-փոստ. info@translation-centre.am