ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԵՆՏՐՈՆ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


Կանոնադրություն


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ 2008



I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` թարգմանությունների կենտրոն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է: Թարգմանությունների կենտրոնն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
  2. Թարգմանությունների կենտրոնը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  3. Թարգմանությունների կենտրոնը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրները լուծելու նպատակով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
  4. Թարգմանությունների կենտրոնն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
  5. Թարգմանությունների կենտրոնը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` առնվազն հայերեն անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
  6. Թարգմանությունների կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվ:
  7. Թարգմանությունների կենտրոնն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:
  8. Թարգմանությունների կենտրոնի անվանումն է`
    հայերեն լրիվ` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
    հայերեն կրճատ` «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ,
    ռուսերեն լրիվ` «Центр переводов министерства юстиции Республики Армения» Государственная некоммерческая организация,
    ռուսերեն կրճատ` «Центр переводов» ГНО,
    անգլերեն լրիվ` Translation Centre of the Ministry of Justice of the Republic of Armenia State Non Commercial Organisation,
    անգլերեն կրճատ` «Translation Centre» SNCO:
  9. Թարգմանությունների կենտրոնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հալաբյան 41ա:


II. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  1. Թարգմանությունների կենտրոնի գործունեության առարկան և նպատակներն են`
    1. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի կամ պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների համաձայն ներկայացվող ազգային զեկույցների, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից միջազգային կառույցներ ներկայացվող փաստաթղթերի, այլ երկրների հետ Հայաստանի Հանրապետության երկկողմ հարաբերությունների շրջանակներում դատական ակտերի և հարակից փաստաթղթերի, ինչպես նաև այլ փաստաթղթերի թարգմանությունների իրականացումն անգլերենով և ռուսերենով.
    2. Եվրոպական միության և Եվրոպական համայնքի իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ միջազգային և միջկառավարական կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և հարակից փաստաթղթերի, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ` նաև այլ փաստաթղթերի թարգմանությունների իրականացումը հայերենով և ռուսերենով.
    3. եզրաբանական բառարանների մշակումը, եզրաբանական շտեմարանի (շտեմարանների) ստեղծումը, թարմացումը, զարգացումը և պահպանումը.
    4. թարգմանությունների հանրամատչելիության ապահովումն ինտերնետային կայքի միջոցով.
    5. լեզվաբանական, այդ թվում` եզրաբանական, գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումների իրականացումը.
    6. հրատարակչական գործունեության ծավալումը և արտադրանքի իրացումը.
    7. տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը.
    8. թարգմանական չափորոշիչների մշակումը:
  2. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան` թարգմանությունների կենտրոնը`
    1. կազմում է աշխատանքային ծրագրեր և դրանք ներկայացնում համապատասխան մարմնի հաստատմանը.
    2. կնքում է պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ.
    3. իր գործունեության նպատակներին համապատասխան` կարող է զբաղվել հիմնադրի կողմից թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:
  3. Թարգմանությունների կենտրոնը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնում է`
    1. այլ թարգմանչական աշխատանքներ.
    2. ֆիզիկական և իրավաբանական անձանց պատվերների հիման վրա անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանչական ծառայությունների մատուցում.
    3. լեզվաբանական, այդ թվում` եզրաբանական, գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումներ.
    4. հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
    5. տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստում:
  4. Թարգմանությունների կենտրոնը կարող է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:


III. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

  1. Լիազոր մարմինը`
    1. իրականացնում է թարգմանությունների կենտրոնի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և կրում պատասխանատվություն դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
    2. սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է նրա կառավարման մարմինները և վաղաժամկետ դադարեցնում դրանց լիազորությունները.
    3. իրականացնում է վերահսկողություն թարգմանությունների կենտրոնի գործունեության նկատմամբ.
    4. կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում թարգմանությունների կենտրոնի տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
    5. լսում է թարգմանությունների կենտրոնի գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրա գործունեության արդյունքները.
    6. իրականացնում է վերահսկողություն թարգմանությունների կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
    7. օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս թարգմանությունների կենտրոնի գույքն օտարելու կամ վարձակալության հանձնելու համար.
    8. քննարկում և հաստատում է թարգմանությունների կենտրոնի տարեկան ծախսերի նախահաշիվը, տարեկան հաշվեկշիռը, տարեկան ֆինանսական և այլ հաշվետվություններ.
    9. իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
  2. Թարգմանությունների կենտրոնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է թարգմանությունների կենտրոնի տնօրենը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է (նրա լիազորությունները դադարեցվում են) լիազոր մարմնի հրամանով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. Տնօրենը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է թարգմանությունների կենտրոնի գործունեությունը և կրում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այլ իրավական ակտերի, թարգմանությունների կենտրոնի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
  4. Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով թարգմանությունների կենտրոնին և (կամ) պետությանը պատճառած վնասի համար: Տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չի հանդիսանում պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
  5. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
  6. Տնօրենը`
    1. առանց լիազորագրի հանդես է գալիս թարգմանությունների կենտրոնի անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ.
    2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է թարգմանությունների կենտրոնի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
    3. տալիս է թարգմանությունների կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
    4. աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է թարգմանությունների կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ու աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
    5. բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
    6. կատարում է աշխատանքի բաշխում թարգմանությունների կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների միջև.
    7. սահմանում է թարգմանությունների կենտրոնի կառուցվածքը, հաստատում հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը.
    8. օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
    9. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:


IV. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Թարգմանությունների կենտրոնի սեփականությունը ձևավորվում է թարգմանությունների կենտրոնի հիմնադրման ժամանակ` հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ սահմանված չափով հանձնված գույքից, հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև թարգմանությունների կենտրոնի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
  2. Թարգմանությունների կենտրոնը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
  3. Թարգմանությունների կենտրոնի ֆինանսատնտեսական գործունեությունը ենթակա է ֆինանսական վերստուգման (աուդիտի)` լիազորված մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վերահսկողության այլ ստորաբաժանման կողմից:
  4. Թարգմանությունների կենտրոնն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է ինքնուրույն` իր կողմից սահմանված կարգով, իր առջև դրված նպատակների իրականացման համար:
  5. Թարգմանությունների կենտրոնն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին կամ սույն կանոնադրությանը համապատասխան տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
  6. Թարգմանությունների կենտրոնի սեփականության պահպանման պատասխանատվությունը կրում է թարգմանությունների կենտրոնը:
  7. Թարգմանությունների կենտրոնի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
  8. Հիմնադիրը կարող է թարգմանությունների կենտրոնին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք: Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից թարգմանությունների կենտրոնին ամրացված գույքը:
  9. Թարգմանությունների կենտրոնն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու և հանձնելու անհատույց օգտագործման:
  10. Թարգմանությունների կենտրոնն իրավունք ունի իրեն ամրագրված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:
  11. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները թարգմանությունների կենտրոնի սեփականությունն են` բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
  12. Թարգմանությունների կենտրոնին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
  13. Հիմնադրի կողմից թարգմանությունների կենտրոնին գույքն ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
  14. Հիմնադրի կողմից թարգմանությունների կենտրոնին ամրացված անշարժ գույքի և (կամ) պարտադիր պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ թարգմանությունների կենտրոնի օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:


V. ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

  1. Թարգմանությունների կենտրոնը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: Թարգմանությունների կենտրոնը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
  2. Թարգմանությունների կենտրոնի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: Թարգմանությունների կենտրոնի լուծարման դեպքում պետական կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: