ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԵՆՏՐՈՆ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


Թարգմանության ակունքներ




«Թարգմանիչներին հազվադեպ են հիշատակում,
մինչդեռ նրանք արժանի են Նոբելյան մրցանակի»

Դանիել Վեյսբորտ

Թարգմանությունն արվեստ է, նաև՝ հաղորդակցման միջոց։ Երկրագնդի բազմաթիվ ազգերի միջև հարաբերություններն անհնար կլինեին, եթե չլինեին թարգմանիչները։ Հնուց ի վեր պետություններն օգտվել են այն մարդկանց` թարգմանիչների ծառայություններից, որոնք տիրապետում են երկու կամ ավելի լեզուների և միմյանց խոսքը փոխանցում լավ և վատ առիթներով հանդիպող կողմերին։ Թարգմանությունը նաև մշակույթ է. բնօրինակից որևէ ստեղծագործություն թարգմանելով` այն մատչելի է դառնում այլ մշակույթ կրողների համար, ավելին՝ դառնում նրա մշակույթի մի մասնիկը։ Տարբեր երկրների աշխարհայացքի ընդլայնման և հարաբերությունների հաստատման գործում թարգմանիչների ներդրումն անգնահատելի է։

Հայաստանում թարգմանության ակունքները սկիզբ են առնում հայոց այբուբենի ստեղծման տարիներից։ Հայ առաջին թարգմանիչը հենց ինքը՝ հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցն էր։ Հայ թարգմանական գրականության հնագույն, պատմամշակութային և գիտական տեսակետից ամենակարևոր հուշարձանի՝ Աստվածաշնչի թարգմանությունը Մաշտոցն իր աշակերտների և Սահակ Պարթևի հետ ավարտեցին 431-439թթ.՝ դառնալով թարգմանական գրականության սկզբնավորողները և թարգմանչաց գործի հիմնադիրները։

Այն ժամանակ հայերեն գրի և խոսքի կարևորությունը հսկայական էր, քանզի չկար հայկական պետություն, և լեզուն էր այն զենքը, որը պետք է պահպաներ հայի ինքնությունը։ Երկրում ծավալվում է թարգմանչաց շարժումը, որը լուսավորական-կրթական ընդարձակ ու երկարատև գործունեություն էր (երկրի բոլոր մասերում հայկական դպրոցների հիմնադրում, թարգմանական ծավալուն աշխատանք, հայ դպրության ստեղծում, եկեղեցու ու քարոզչության հայացում, հայ գրչության կենտրոնների ու գրադարանների հիմնում): Թարգմանվում էին գրքեր ու սաղմոսներ հունարենից, ասորերենից, լատիներենից, եբրայերենից և այլ լեզուներից։ Հայը կարող էր պատարագ լսել հայերենով, կարդալ մեծ մտածողների խոսքը մայրենի լեզվով։

Հնագույն և միջնադարյան հայերեն թարգմանությունների նշանակությունը չի սահմանափակվում միայն հայագիտական նկատառումներով. նրանք մեծ արժեք են ներկայացնում նաև համաշխարհային մշակույթի ուսումնասիրման տեսանկյունից, որովհետև հունական և ասորական գրականության շատ հուշարձաններ, որոնց սկզբնագրերը կորած են, պահպանվել և ժամանակակից քաղաքակրթության սեփականությունն են դարձել բացառապես այդ թարգմանությունների շնորհիվ։ Դրանց շարքին են պատկանում Եվսեբիոս Կեսարացու (մահ. 339թ.) երկու մասից բաղկացած «Ժամանակագրություն (Քրոնիկոն)»-ը (5-րդ դարի հայերեն թարգմանությամբ), Իրենեոս Լուգդոնացու (մահ. մոտ. 203թ.) «Ցույցք առաքելական քարոզության» աշխատությունը (թարգմանությունը հունարենից), աստվածաբան Փիլոն Եբրայեցու կամ Աղեքսանդրացու գրական ժառանգության զգալի մասը (հայերենով հայտնի տասնհինգ երկերից ութի հունարեն սկզբնագրերը կորած են), Աստվածաշնչից հետո իր ծավալով և ձեռագրական ընդօրինակությունների թվով առաջին տեղը զբաղեցնող բյուզանդացի մատենագիր Հովհան Ոսկեբերանի (մահ. 407թ.) Եսայու գրքի մեկնությունը, բյուզանդական մեկնողական գրականության մի այլ նշանավոր իմաստունի՝ Իսիքիոս Երուսաղեմացու (մահ. 450թ. հետո) «Հոբի մեկնությունը» և «Սուրբ Հովհաննեսի մասին» ճառի հայերեն թարգմանությունը, Տիմոթեոս Կուզի (մահ. 477 թ.) «Հակաճառություն Քաղկեդոնի ժողովի սահմանումների դեմ» աշխատությունը և այլն։

Թարգմանչական գործը շարունակվել է նաև միջնադարում, թարգմանություններ են կատարվել վրացերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, թուրքերենից, ռուսերենից, անգլերենից, իտալերենից, լեհերենից և իսպաներենից։

Թարգմանված աշխատությունները նշանակալից դեր են խաղացել հայկական ինքնուրույն մատենագրության զարգացման, հայ ընթերցողի մտահորիզոնի ընդլայնման և հայոց լեզվի հարստացման գործում։ Թարգմանության միջոցով հայ հասարակության սեփականությունն են դարձել անտիկ փիլիսոփայության ու բնագիտության, քրիստոնեական աստվածաբանության, միջնադարյան գեղարվեստական գրականության և արևելյան բժշկագիտության բոլոր կարևոր նվաճումները, որոնք հիմք են հանդիսացել սեփական արժեքների ստեղծման համար։

19-20-րդ դարերի համաշխարհային գրականության մեծերի գործերը թարգմանել են հայ գրողներ Հովհաննես Թումանյանը (Գի դը Մոպասան), Վահան Տերյանը (Բոդլեր, Վ. Բրյուսով), Հովհաննես Մասեհյանը, Խաչիկ Դաշտենցը (Շեքսպիր) և այլն։ Շելլիի ստեղծագործությունները թարգմանել են հայ մշակույթի նշանավոր գործիչներ Հ. Թումանյանը, Ա. Չոպանյանը։ Վալտեր Սկոտի գործերից առաջինը հայերեն է թարգմանել Մ. Մամուրյանը, Հայնեի ստեղծագործությունները՝ Հ. Թումանյանը, Վ. Տերյանը, Հ. Հովհաննիսյանը, Ե. Չարենցը և ուրիշներ։

Հայաստանում տոնվում է նաև Թարգմանչաց տոնը։ Այն եկեղեցական տոն է՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցին և իր աշակերտներին, ինչպես նաև մշակութային ուրիշ գործիչների, որոնք ոչ միայն թարգմանել են Աստվածաշունչն ու համաշխարհային մշակույթի տարբեր ստեղծագործություններ, այլև զբաղվել են գիտական գործունեությամբ, կրթել ու լուսաբանել ժողովրդին։ Սկսած 1979 թվականից, Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ, ամեն երկու տարին մեկ անգամ, հոկտեմբեր ամսին Թարգմանչաց տոնը նշվում է որպես համազգային տոն։ Թարգմանչաց գործին նվիրված տոնակատարություններ են անցկացվում նաև հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին՝ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնին առընթեր։

Թարգմանիչներն ունեն նաև իրենց նվիրված միջազգային տոն, որը նշվում է սեպտեմբերի 30-ին։ Այն հիմնականում առնչվում է Սուրբ Ջերոմի՝ 4-5դդ. հռոմեացի քրիստոնյա գիտնականի հետ, որին Հռոմի կաթոլիկ եկեղեցին սրբացրել է՝ Աստվածաշունչը եբրայերենից լատիներեն թարգմանելու համար։ Այդ թարգմանությունը համարվում է բնօրինակին ամենամոտը, քանի որ Սուրբ Ջերոմը, իր աշխատանքը կատարելիս, որը տևել է երկու տարի, օգտագործել է ամենաբազմազան աղբյուրներ՝ բովանդակության ճշգրտությունն ապահովելու նպատակով։ Այդ օրը բազմաթիվ թարգմանչական միությունների անդամներ իրենց երկրներում միջոցառումներ են կազմակերպում՝ նվիրված թարգմանչական գործին և միմյանց շնորհավորում այդ տոնի կապակցությամբ: