Մեր մասին
Ստեղծման նախադրյալները
Երկրում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների օրակարգից բխող՝ օրենսդրական համապատասխանեցման միջոցառումներն իրականացնելու, միջազգային կառույցների հետ համագործակցությունը դյուրացնելու, համաշխարհային շուկային ինտեգրվելու, տնտեսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման, օտարերկրյա ներդրողների համար ՀՀ օրենսդրության՝ միջազգայնորեն լայն օգտագործում ունեցող լեզվով մատչելիությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշեց ստեղծել օրենսդրության թարգմանությանը կոչված հատուկ մասնագիտացված կառույց, որը պատասխանատու կլինի իրավական ակտերի բարձրորակ և հետևողական թարգմանության, թարգմանված իրավական ակտերի պահպանման ու ըստ պահանջի թարմացման համար:
Նախքան Թարգմանությունների կենտրոնի ստեղծումը՝ ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի օգնությամբ ուսումնասիրվեցին ԵՄ անդամակցության շրջանակներում օրենսդրության լայնածավալ թարգմանչական աշխատանքներն իրականացնելու նպատակով բոլոր ԵՄ անդամ պետություններում գործող թարգմանչական կենտրոնների, ազգային օրենսդրության թարգմանության համար պատասխանատու թարգմանությունների համակարգման կենտրոնների, ԵՄ անդամ պետությունների բոլոր պաշտոնական լեզուներով ԵՀ օրենսդրության թարգմանության համար պատասխանատու՝ ԵՄ թարգմանությունների գլխավոր տնօրինության, ԵՄ շրջանակներում ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի, «քվազի» իրավական ակտերի և այլ առանցքային փաստաթղթերի թարգմանության համար պատասխանատու՝ ԵՄ մարմինների թարգմանությունների կենտրոնի, օրենսդրական նախագծերի փաթեթների թարգմանության համար պատասխանատու՝ ԵՄ խորհրդարանի թարգմանչական կենտրոնի, ինչպես նաև ընդհանուր առմամբ աշխարհում գործող թարգմանչական կենտրոնների փորձն ու գործելակերպը: Միաժամանակ ուսումնասիրվեցին նաև Հայաստանում թարգմանչական շուկան և պետական մակարդակով իրականացվող թարգմանությունների հետ կապված առկա իրավիճակն ու խնդիրները:
Այս բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրության արդյունքում, միջազգային ստանդարտների հիման վրա, մշակվեց Թարգմանությունների կենտրոնի աշխատանքային մոդելը (աշխատանքային մեթոդաբանություն, որակի ապահովման գործակառույցներ, կառուցվածք, մասնագիտական աշխատանք կատարող աշխատողների հարաբերակցություն, օրական միջին կատարողական և այլն), և 2008 թվականի փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին N 163-Ն որոշումը։
Հիմնական զարգացումները
Ի սկզբանե Թարգմանությունների կենտրոնն ստեղծվեց անգլերեն-հայերեն լեզվազույգով թարգմանություններ իրականացնելու համար (թարգմանում էր միայն ՀՀ և ԵՄ իրավական ակտեր):
Հաշվի առնելով պետական մարմինների մոտ այլ փաստաթղթերի (իրավական ակտերի նախագծեր, առանցքային զեկույցներ և այլն) թարգմանության մասով առկա պահանջարկը՝ 2010 թվականին փոփոխություններ կատարվեցին Թարգմանությունների կենտրոնի կանոնադրությունում՝ ընդլայնելով թարգմանության ներկայացվող փաստաթղթերի տեսակային կազմը:
Այնուհետև` 2013 թվականին, Մաքսային միության հետ համագործակցության շրջանակներում կտրուկ աճեց երկրում ռուսերեն-հայերեն լեզվազույգով թարգմանությունների նկատմամբ պահանջարկը, և ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 13-ի թիվ 245-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Թարգմանությունների կենտրոնի կանոնադրությունում՝ թարգմանության լեզվազույգի և թարգմանության համար ներկայացվող փաստաթղթերի տեսակային կազմի մասով։
Ներկայումս Թարգմանությունների կենտրոնին է վերապահված ՀՀ, ԵՏՄ/ՄՄ, ԵՄ իրավական ակտերի, ՀՀ ազգային զեկույցների, ՀՀ պետական մարմինների կողմից միջազգային կառույցներ ներկայացվող և այդ կառույցների կողմից ՀՀ մարմիններ ներկայացվող փաստաթղթերի, այլ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության երկկողմ հարաբերությունների շրջանակներում դատական ակտերի և հարակից փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և հանձնարարվող այլ առանցքային փաստաթղթերի թարգմանությունների իրականացումը: Թարգմանությունների կենտրոնն իրականացնում է նաև ՀՀ իրավական ակտերի պաշտոնական թարգմանություններն անգլերենով և ռուսերենով:
Աշխատանքների կազմակերպման նկարագրությունը
Թարգմանությունների կենտրոնում թարգմանչական աշխատանքները կազմակերպվում են ՀՍՏ ԵՆ 15038 «Թարգմանչական ծառայություններ. ծառայության պահանջներ» ստանդարտով սահմանված պահանջների հիման վրա մշակված որակի ապահովման մեթոդաբանությամբ և գործիքներով: