Որակի ապահովման գործակառույցներ
Թարգմանությունների կենտրոնում թարգմանչական աշխատանքները կազմակերպվում են ՀՍՏ ԵՆ 15038 «Թարգմանչական ծառայություններ. ծառայության պահանջներ» ստանդարտով սահմանված պահանջների հիման վրա (ստանդարտը Հայաստանում գործողության մեջ է դրվել 2008 թվականից՝ Թարգմանությունների կենտրոնի ստեղծման աշխատանքների շրջանակներում): Նշված ստանդարտը սահմանում է թվով 95 առանձին պահանջ, որոնք պետք է իրացվեն թարգմանչական ծառայություն մատուցողների կողմից: Այդ պահանջները վերաբերում են թարգմանության գործընթացի ընդհանուր կազմակերպմանը, այդ գործընթացում ներգրավված մարդկային և տեխնիկական ռեսուրսներին, որակի ապահովման գործակառույցներին և թարգմանչական նախագծերի կառավարմանը, ինչպես նաև պայմանագրային ոլորտին և ծառայության մատուցման ընթացակարգերին:
Մասնավորապես, ստանդարտով սահմանված պահանջների համաձայն, Թարգմանությունների կենտրոնի մասնագիտական անձնակազմն աշխատում է միջազգային մակարդակով լայն կիրառում ունեցող Տրադոս համակարգչային ծրագրով, որը «թարգմանությունների հիշողություն–պահոց» և «եզրույթների շտեմարան» է, որտեղ մուտքագրվում են բոլոր թարգմանություններն ու կիրառվող եզրույթները՝ հնարավորություն ընձեռելով ապահովելու եզրույթների հետևողական գործածումը, առավելագույնս երաշխավորելով թարգմանությունների նույնականության մակարդակը՝ միաժամանակ բարձրացնելով թարգմանությունների իրականացման գործընթացի արդյունավետությունը և նույնատիպ պատվերների պարագայում բացառելով ռեսուրսների կրկնակի ծախսումը:
Թարգմանությունների իրականացման գործընթացը կազմված է հետևյալ փուլերից՝
-տեքստի նախնական տեխնիկական մշակում (թղթային տարբերակների փոխակերպում էլեկտրոնային ձևաչափի, *.PDF և *.JPEG ձևաչափերով ֆայլերի փոխակերպում *.DOCX ձևաչափի, տառատեսակների փոխակերպում, գծապատկերների առկայության պարագայում դրանց թարգմանության համար նախապատրաստում և այլն).
-նախաթարգմանչական ուսումնասիրություն (տվյալ ոլորտին առնչվող մասնագիտական գրականության հետ ծանոթացում, եզրույթների և հասկացությունների ներդաշնակեցում, ազգային և վերազգային հասկացությունների ուսումնասիրություն).
-բուն թարգմանություն.
-թարգմանության երկլեզու վերանայում նույնականացնողների, ղեկավարության և ըստ անհրաժեշտության` նաև ոլորտային մասնագետների կողմից.
-լեզվական խմբագրում-սրբագրում լեզվակիր սրբագրիչների կողմից.
-որակի ապահովման գործիքներով ստուգաճշտում.
-թարգմանված նյութի վերջնական ձևաչափի ապահովում (թարգմանությունների պահոցի երկլեզու աշխատանքային տարբերակից միալեզու տարբերակի ստացում, բնօրինակի ձևաչափի հետ թարգմանության համապատասխանեցում, աղյուսակների և գծապատկերների կարգաբերում/ ներմուծում և այլն):
Աշխատանքային արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Թարգմանությունների կենտրոնը մշակել է թարգմանչական պատվերների կառավարման և հետագծելիության ապահովման ավտոմատացված համակարգ, որը հնարավորություն է ընձեռում արդյունավետ կազմակերպելու և վերահսկելու թարգմանությունների գործընթացը և պահուստավորելու բոլոր թարգմանությունները, ստանալու տարատեսակ վիճակագրական հաշվետվություններ՝ թարգմանությունների փաստաթղթային կազմի, լեզվազույգի, թարգմանված էջերի, կատարողականի և այլնի վերաբերյալ, վերահսկելու յուրաքանչյուր աշխատողի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, վերջնաժամկետներն ու մասնագիտացումը՝ աշխատանքներն օպտիմալ կազմակերպելու համար։ Միաժամանակ համակարգը ծառայում է որպես արխիվ և հնարավորություն է ընձեռում վերհանելու նույնական պատվերները (տարբեր գերատեսչությունների կողմից տարբեր ժամանակահատվածներում ներկայացվող նույնաբովանդակ պատվերներ)՝ բացառելով աշխատանքի կրկնությունը և ապահովելով ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:
Թարգմանությունների իրականացման հարցում ՀՍՏ ԵՆ 15038 ստանդարտով սահմանված այս բազմակողմանի մոտեցումն առանցքային կարևորություն ունի թարգմանությունների որակի ապահովման տեսանկյունից, քանի որ Թարգմանությունների կենտրոնի կողմից թարգմանվում են բոլոր ոլորտները կարգավորող իրավական ակտեր, տեխնիկական ստանդարտներ և կանոնակարգեր, դատական գործեր և բարդ նեղ մասնագիտական տեքստեր (սկսած ճանապարհաշինարարական նորմերից ընդհուպ մինչև դատաբժշկական փորձաքննություններ), որոնք պարտադիր պետք է մանրամասն վերանայվեն՝ հնարավոր բացթողումները, սխալներն ու վրիպակները շտկելու, մարդկային սխալի գործոնը նվազագույնի հասցնելու, թարգմանությունների միօրինակությունն ապահովելու և մասնագիտական եզրույթների ու իրավական հասկացությունների ճշգրիտ թարգմանությունը երաշխավորելու, մեծածավալ թարգմանությունները կարճ ժամկետում իրականացնելու համար։